«Նրանք իրար հետ դեռ խոսում են». Ալյոնա Դոլեցկայան տպավորված է Երևան կատարած այցով

Vogue Russia ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Ալյոնա Դոլեցկայան տպավորված է Երևան կատարած այցով, որի մասին նա պատմել է ռուս հայտնի բլոգեր Նադեժդա Ստրելեցին տված հարցազրույցում։

«Նոր եմ վերադարձել Երևանից։ Այնտեղ երեկոյան հանդիպումներ ու ընթրիքներ են կազմակերպվում ընկերների հետ։ Շատ քչերն են «նստում» հեռախոսների մեջ։ Նրանք իրար հետ դեռ խոսում են»,- երևանյան ջերմ հանդիպումների մասին իր տպավորություններն է պատմել Դոլեցկայան։

Ռուսաստանցի խմբագիրը նաև ասել է, որ ամենագեղեցիկը, ինչ վերջին ամիսներին տեսել է Հայաստանում, եղել են Երևանի բուսաբանական այգու ծաղիկները։

«Այնտեղ ես մի քանի ֆանտաստիկ գեղեցիկ կակաչներ տեսա։ Նրանք իմ հասակին էին, իսկ ծաղիկը համարյա գլխիս չափ էր։ Կային նաև զարմանալի գեղեցկության ակվիլեգիաներ»,- ասել է նաև։

Ի դեպ, Դոլեցկայան 1918 թվականին Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերը գլխավորած Դանիել Բեկ-Փիրումյանի ծոռնուհին է։ Զորավար Վլադիմիր Դանիել-Բեկի որդին՝ Դոլեցկայայի պապը, մոսկովյան հայտնի իրավաբան էր, իսկ դուստրը՝ Կիրա Դանիել-Բեկ Փիրումյանը` բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ-ուռուցքաբան։ Ինքը՝ Դոլեցկայան, իրեն աշխարհի քաղաքացի է համարում և երջանիկ է, որ իր երակներում երկու ազգի արյուն է հոսում։