Իտալիայում սեռական ոտնձգությունների կասկածանքով ձերբակալվել է օսկարակիր ռեժիսորը

Կանադացի ռեժիսոր Փոլ Հագիսը հունիսի 19-ին ձերբակալվել է Իտալիայի հարավում՝ սեռական ոտնձգությունների և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով։

Նախնական տվյալներով՝ Հագիսը կասկածվում է երկու օր շարունակ երիտասարդ կնոջը սեռական հարաբերությունների դրդելու համար, որից հետո մենակ է թողել նրան Բրինդիզիի օդանավակայանում՝ «չնայած ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակին»։ Հաղորդվում է, որ օդանավակայանի աշխատակիցներն ու սահմանապահները կնոջը ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել ոստիկանություն, ապա հիվանդանոց:

Հաղորդվում է, որ տուժածն Իտալիայի քաղաքացի չէ:

Փոլ Հագիսը փաստաբանի միջոցով հայտարարել է իր անմեղության մասին:

Ռեժիսորն Իտալիայում էր՝ մասնակցելու Allora կինո-երաժշտական ​​փառատոնին, որը տեղի է ունենում Ապուլիայի Օստունի քաղաքում։ Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ իրենք չեղարկել են Հագիսի մասնակցությունը ցանկացած միջոցառման:

2017 թվականին Հեյլի Բրիեստ անունով մի կին մեղադրել էր Փոլ Հագիսին բռնաբարության համար։ Դրանից հետո նրա հասցեին մեղադրանքներ են ներկայացրել ևս երեք կանայք։ Հագիսը չի ընդունում իր մեղքը։ 

Փոլ Հագիսը երկու «Օսկար» է ստացել 2004 թվականին «Բախում» ֆիլմի համար, որի համառեժիսորն ու սցենարի հեղինակն է։ Ֆիլմը մրցանակներ է ստացել, մասնավորապես, «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։