Դուք իմ հերոսն եք. հոլիվուդյան աստղ Բեն Սթիլերը հանդիպել է Զելենսկու հետ (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է հոլիվուդյան դերասան Բեն Սթիլերի հետ, որն այցելել է Ուկրաինայի՝ պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նախկինում օկուպացված մի քանի քաղաքներ։

«Ուկրաինացիները զգում են ամբողջ աշխարհի, շատ հայտնի մարդկանց աջակցությունը, և Բեն Սթիլերի այցը ևս մեկ անգամ հաստատում է դա։ Ձեր ճանապարհորդությունը դեպի Իրպեն և Մակարով, մեր ժողովրդի հետ հանդիպումները շատ բանի մասին են խոսում։ Մենք գնահատում ենք, որ Դուք այստեղ եք մեր երկրի համար այս դժվարին պահին», – ասել է Զելենսկին։

Հատկանշական է, որ հոլիվուդյան աստղը Զելենսկու հետ հանդիպմանն ասել է.«Դուք իմ հերոսն եք»:

Սթիլերն այցելել է Ուկրաինա՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) բարի կամքի դեսպան:

«Մի բան է տեսնել այս ավերածությունները հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերում, մեկ այլ բան է տեսնել այդ ամենը սեփական աչքերով: Դա շատ ավելի ահավոր է», – նշել է դերասանը: