«Ոսկե ծիրան» կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա 44-օրյա պատերազմին

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը «ԱՐՑԱԽ. Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի։ Panorama.am-ին փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը հայտնեց, որ փառատոնային օրերին ծրագրի շրջանակում կներկայացվեն Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» (Ուրուգվայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), Արման Երիցյանի «Դիմակայություն» (Հայաստան) ֆիլմերը։

Ինչպես նաև Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր  Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

«Փառատոնի 19-րդ թողարկմանը լինելու է հատուկ առանձին ընդգծված ծրագիր՝ բաղկացած ֆիլմերից, որոնք անդրադառնում են 44-օրյա պատերազմին: Ֆիլմերից մեկը Արցախյան պատերազմի մասին է նկարահանված հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, մյուսը՝ եգիպտացիների և վերջապես՝ մեկ հայաստանյան և մեկ հենց բուն արցախյան կինոանդրադարձ:  Ավելին՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,-նշում է փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։