Կամո Սեյրանյանը համատեղ ելույթ կունենա ZAZ-ի հետ

«ՀԱՅԱ» փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի ZAZ-ի առաջին մենահամերգը Հայաստանում։ Երկար սպասված մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին Երևանի Հրազդան մարզադաշտում:

«ՀԱՅԱ» փառատոնը հայտնում է, որ համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երաժիշտ Պարգը։

Համերգի հրավիրյալ կատարողն է դուդուկահար Կամո Սեյրանյանը, ով հայկական դուդուկի կախարդական հնչողությունը կփոխանցի հանդիսատեսին ZAZ-ի հետ համատեղ կատարմամբ:

Համերգային հարթակ դարձած մարզադաշտը իր նորացված տեսքով կզարմացնի ոչ միայն տեղացի հանդիսատեսին, այլ նաև Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին։

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: 

«ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Ստեղծագործական թիմը բաղկացած է Հայաստանի լավագույն մասնագետներից և միջազգային փորձագետներից: