«Տիտանիկը» կինոթատրոններ կվերադառնա վերամշակված տարբերակով

Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ»-ի 25-ամյակի կապակցությամբ ֆիլմի նորացված տարբերակը կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականին՝ Սիրահարների տոնին ընդառաջ, գրում է Deadline-ը։

Հրատարակության տվյալներով՝ կինոժապավենի թարմացված տարբերակը հասանելի կլինի կինոթատրոններում 3D 4K HDR ձևաչափով և կադրերի բարձր որակով։ Միջազգային թողարկումը նախատեսված է 2023 թվականի փետրվարի 10-ին։ 

Չորեքշաբթի՝ հունիսի 22-ին, Բարսելոնայում Disney CineEurope-ի ներկայացման ժամանակ արտադրական գծով Քեմերոնի գործընկեր և Lightstorm Entertainment-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ջոն Լանդաուն հայտարարել է «Տիտանիկ»-ի վերաթողարկման մասին և ներկայացրել վերամշակված ֆիլմի 3D տարբերակը:

«Տիտանիկը», որը Քեյթ Ուինսլեթին և Լեոնարդո Դի Կապրիոյին դարձրեց համաշխարհային աստղեր, թողարկվել է 1997 թվականին։ Ֆիլմն արժանացել է 11 «Օսկար»-ի, այդ թվում՝ լավագույն ռեժիսոր, մոնտաժ և օրիգինալ երգ։

200 միլիոն դոլար բյուջեով, որն այն ժամանակ աննախադեպ գումար էր, ֆիլմն արդեն ավելի քան 2,2 միլիարդ դոլար է բերել: