Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը մկրտել են երեխաներին (լուսանկարներ) 

Դերասան-ամուսիններ Անդրանիկ Զաքարյանը և Արաքսյա Մելիքյանն օրեր առաջ կազմակերպել են իրենց երեխաների մկրտության արարողությունը: Այս մասին գրում է BRAVO.am-ը։

«Երեխաներն արդեն մի քանի տարի է՝ ցանկանում էին մկրտվել, հաղորդումներից մեկի ժամանակ անգամ անկեղծացան, եւ զվարճալի տեսանյութ ստացվեց։ Մենք էլ զբաղվածության պատճառով անընդհատ հետաձգում էինք, մի տեսակ լուրջ չէինք վերաբերվում, համավարակի ժամանակ էլ բազմամարդ հավաքներն արգելվեցին: Հետո կեսկատակ ասում էինք՝ դե երրորդին էլ ունենանք, նոր: Ձգձգվեց այնքան, մինչեւ դանակը հասավ ոսկորին: Կանգում էին մեր դիմաց ու ասում՝ «Էս ամի՞ս էլ մեզ չեք կնքելու»: Եվ քանի որ մենք երբեք էլ ազատ օրեր չենք ունենալու, եւ Փառք Աստծո, որոշեցինք «խցկվել» ազատ ժամերի մեջ։ Ու եղավ այն, ինչ պիտի լիներ»,- պատմել է Արաքսյան:

Զույգի որդին 14 տարեկան է, աղջիկը՝ 9 տարեկան: Դերասանուհու խոսքով՝ երեխաների կնքահայրն ամուսնու 40 տարվա  ընկերն է՝ Հայկը Բալայանը, որը նաեւ իրենց ամուսնության քավորն է։

«Առիթը նշել ենք մեծ շուքով, ինչպես ցանկանում էին երեխաներս: Երբ սրահը լեփ-լեցուն էր ի սրտե քեֆ անող ու շնորհավորանքներ հեղեղող հյուրերով, երեխաներս հուզված ասացին՝ «Էսքան մարդ մե՞զ համար են եկել»: Կարծում եմ՝ մկրտությունը, ինչին նրանք այդքան ձգտում էին, այդ առիթով հավաքույթները ստացվեցին բարձր մակարդակով», – ասել է դերասանուհին:

Արաքսյայի խոսքով՝ մկրտությունը երեխաների գիտակցված որոշումն էր. «Ստացան Անանիա եւ Աննա անունները: Վերջինը նաեւ իմ վաղամեռիկ մոր անունն է: Իրենք իսկապես ձգտում էին կրելու սուրբ մյուռոնը»: