Միկի Ռուրկն այն հայտնիներից է, որը չի վախենում արտահայտել իր կարծիքը, նույնիսկ եթե այն կարող է վիրավորել իր գործընկերներին։ Այս անգամ դերասանը կտրուկ է արտահայտվել Թոմ Քրուզի մասին:
Հեռուստահաղորդավար Փիրս Մորգանի հետ զրույցում «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրը խոսել է «Top Gun: Maverick» ֆիլմի մասին, որը մայիսին վարձույթում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար։ Ֆիլմի գլխավոր դերակատարներից է Թոմ Քրուզը։
Միկի Ռուրկը Քրուզին անվանել է «ոչ տեղին» և ասել, որ բոլոր ժապավեններում դերասանը կարծես նույնը լինի:
«Այս տղան 35 տարի նույն դերն է խաղում։ Ես դա չեմ հարգում: Ես թքած ունեմ փողի և իշխանության վրա. երբ ես նայում եմ Ալ Պաչինոյի, Քրիս Ուոքենի աշխատանքը, Դե Նիրոյի, Ռիչարդ Հարիսի և Ռեյ Ուինսթոնի վաղ շրջանի գործերը, կարծում եմ, որ ուզում եմ նմանվել նրանց»,- ասել է Միկի Ռուրկը:
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Թոմը լավ դերասան է, Ռուրկը պարզապես պատասխանել է. «Կարծում եմ, որ նա որևէ նշանակություն չունի իմ աշխարհում»:















