Քանյե Ուեսթը հրաժարվել է Rolling Loud Miami 2022-ի մասնակցությունից

Ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է ելույթ չունենալ Rolling Loud Miami 2022-ին։ Այս մասին սոցցանցերում հայտնել են փառատոնի կազմակերպիչները՝ մանրամասնելով, որ 45-ամյա ռեփերն ու նորաձևության մագնատը, որն այժմ հայտնի է նաև Յե բեմական կեղծանունով, չի հանդիսանալու հուլիսի 22-ին կայանալիք Rolling Loud Miami 2022-ի բացման արարողության գլխավոր աստղը։

«Մեր վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով Յեն այլևս ելույթ չի ունենալու Rolling Loud Miami 2022-ին», – ասված է Rolling Loud-ի թվիթերյան միկրոբլոգում։ Հաղորդվում է, որ Քանյե Ուեսթին փոխարինող է ընտրվել Քիդ Քադին։

Rolling Loud-ի համահիմնադիրներ Թարիկ Շերիֆն ու Մեթ Զինգլերը, իրենց հերթին, հավելել են, որ անհամբերությամբ էին սպասում Ուեսթի ելույթին, սակայն վերջինս որոշել է հրաժարվել դրանից։

«Մենք անհամբերությամբ էինք սպասում, թե երբ է Յեն դառնալու Rolling Loud Miami 2022-ի հեդլայները։ Մենք ամիսներ ենք վատնել նրա ու նրա թիմի հետ աշխատելու վրա։ Ցավոք՝ Յեն որոշեց, որ այլևս ելույթ չի ունենալու։ Մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում՝ չնայած, որ դրան անլուրջ չենք վերաբերվում։ Անհամբերությամբ սպասում ենք Մայամիում որպես հեդլայներ Քիդ Քադիի հետ աշխատելուն և չենք համբերում տեսնել՝ ինչ է նա պատրաստել», – նշել են փառատոնի կազմակերպիչները։