«Գրեմմի»-ի և «Օսկար»-ի դափնեկիր, երգչուհի և երգերի հեղինակ H. E. R.-ը կմարմնավորի Բելլին՝ ABC-ի «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմում: Աստղը կլինի առաջին աֆրոֆիլիպինուհին, որը մեծ էկրանին կհայտնվի արքայադուստր Բելլի դերում։
«Ես չեմ կարողանում հավատալ, որ կդառնամ «Գեղեցկուհին և հրեշ»-ի ժառանգության մի մասը: Աշխարհը կտեսնի թխամորթ և ֆիլիպինցի գեղեցկուհու: Ես միշտ ցանկացել եմ լինել Դիսնեյի արքայադուստր և կարողացել եմ աշխատել երկու հիանալի ռեժիսորներ Հեմիշ Համիլթոնի և իմ սիրելի Ջոն Մ. Չուի հետ: Սյուրռեալիստական է, ես շատ շնորհակալ եմ»,- ասել է H.E.R.-ը լրագրողների հետ զրույցում։
Ստեղծողները խոստանում են, որ ֆիլմը հագեցած կլինի երաժշտական կատարումներով, ինչպես նաև դասական պատմությունից ոգեշնչված նոր դեկորներով և զգեստներով: Երկու ժամ տևողությամբ ֆիլմը կներառի անիմացիոն հատվածներ և տեսարաններ դերասանների մասնակցությամբ։
«Գեղեցկուհին և հրեշը» կցուցադրվի դեկտեմբերի 15-ին ABC-ով, իսկ հաջորդ օրը՝ Disney+-ով:
















