«Ես հավատում եմ արդարությանը». Քեյթ Մոսը պատմել է, թե ինչու է պաշտպանել Ջոնի Դեփին դատարանում

Դերասանուհի և մոդել Քեյթ Մոսը խոստովանել է, որ արդարության զգացումն է դրդել իրեն պաշտպանել նախկին ընկերոջը՝ Ջոնի Դեփին, որը դատի էր տվել նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին՝ զրպարտության համար։ Մոսը նաև հիշել է 2011 թվականի սկանդալը իր դիզայներ ընկերոջ՝ Ջոն Գալիանոյի հետ, որը հեռացվել էր Christian Dior-ից՝ հակասեմականության համար։

«Ես հավատում եմ ճշմարտությանը, ազնվությանը և արդարությանը: Ես գիտեմ, որ Ջոն Գալիանոն վատ մարդ չէ. նա ալկոհոլի հետ խնդիրներ ուներ, իսկ որոշ մարդիկ նման վիճակում ադեկվատ չեն լինում: Եվ ես գիտեմ ճշմարտությունը Ջոնի մասին, օրինակ՝ այն, որ նա երբեք աստիճաններից ցած չի գցել ինձ: Ես պետք է ասեի ճշմարտությունը»,- ասել է Մոսը BBC-ին տված հարցազրույցում:

Քեյթ Մոսը, այդպիսով, հերքել է Դեփի նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի ասածը, թե դերասանը 1990-ականներին իրեն ցած է նետել աստիճաններից:

Հիշեցնենք, որ ամռան սկզբին Ջոնի Դեփը հաղթել էր Էմբեր Հերդի դեմ դատավարությունը։