Դի Կապրիոյի մասնակցությամբ Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմը կթողարկվի 2023 թվականին

Մարտին Սկորսեզեի երկար սպասված «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմն այս տարի չի ցուցադրվի: Լեոնարդո Դի Կապրիոյի և Ջեսի Պլեմոնսի մասնակցությամբ դրաման կթողարկվի 2023 թվականին:

Էրիկ Ռոթի գրած և Դեյվիդ Գրանի «Killers of the Flower Moon: The Osage Murders and the Birth of the FBI» ամենավաճառվող գրքի վրա հիմնված ֆիլմի թողարկումն ի սկզբանե նախատեսված էր 2023 թվականին՝ Apple TV+-ի միջոցով: Սակայն, ռեժիսորի և ստուդիայի միջև ֆիլմի թողարկումը 2022 թվականին իրականացնելու շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ այս տարեսկզբին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթի գործողությունները (նա ապտակել էր հաղորդավարին) ստիպեցին փոխել Apple-ի ռազմավարությունը՝ Սմիթի գլխավոր դերակատարմամբ «Emancipation» դրաման թողարկելու վերաբերյալ:

«Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմի գործողությունները տեղի կունենան 1920-ականներին հնդկացիական Օսեյջեյ բնակավայրում, որտեղ նավթի հանք է հայտնաբերվում։ Սա հարստացնում է տեղացիներին, որոնք հետագայում սպանվում են։ Սպանությունները բացահայտելու նպատակով այնտեղ են ուղարկվում ՀԴԲ գաղտնի գործակալներ։

Սկորսեզեն հայտնի է խմբագրման բարդ ու երկարատև գործընթացով: Չնայած ֆիլմի՝ 2021 թվականի սեպտեմբերին պատրաստ լինելուն, 200 միլիոն դոլար բյուջեով «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմը պատրաստ չի լինի «Օսկար»-ի այս սեզոնի համար: Փոխարենն ակնկալվում է մեծ դեբյուտ 2023 թվականին Կաննում կամ Վենետիկում: