Օրերս համացանցում է հայտնվել Բեյոնսեի նոր՝ «Renaissance» ալբոմը, որի պրեմիերան պետք է տեղի ունենա այսօր՝ հուլիսի 29-ին։ Variety-ի լրագրողներին հաջողվել է բազմաթիվ սոցիալական ցանցերում գտնել ալբոմի երգերը, ինչպես նաև գրառումներ՝ CD-ի պատճենը գնելու վերաբերյալ։
«Renaissance»-ի բոլոր 16 երգերն արդեն հասանելի են «ВКонтакте»-ում:
«Renaissance»-ը կլինի Բեյոնսեի 7-րդ ստուդիական ալբոմը և առաջինը՝ վերջին 6 տարում։ Բեյոնսեն սպասվող ալբոմի մասին հայտարարել էր հունիսի կեսերին, երբ նրա սոցցանցային էջերում հայտնվել էր համանուն երգը։ Ենթադրվում է, որ ալբոմը կբաժանվի երկու մասի, և հուլիսի 29-ին կթողարկվի դրանցից միայն առաջինը։
«Այս ալբոմի ստեղծումն ինձ հնարավորություն է տվել երազել և փրկություն գտնել աշխարհի համար այսքան սարսափելի ժամանակներում»,- գրել է երգչուհին։ «Իմ գաղափարն էր ստեղծել անվտանգ վայր, վայր՝ առանց քննադատության։ Պերֆեկցիոնիզմից և չափազանց շատ ինքնաքննադատությունից զերծ մի վայր։ Վայր, որտեղ կարող ես գոռալ, հանգստանալ, ազատ զգալ: Հրաշալի հետազոտական ճամփորդություն էր։ Հուսով եմ՝ դուք ուրախություն կգտնեք այս երաժշտության մեջ: Հուսով եմ՝ այն կոգեշնչի ձեզ» – այսպես էր մեկնաբանել Բեյոնսեն իր նոր ալբոմը:















