Սարիկ Անդրեասյանը ֆիլմ կնկարահանի Հայկական ԽՍՀ-ի պետական բանկի կողոպուտի մասին

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ծրագրում է ֆիլմ նկարահանել Հայկական ԽՍՀ-ի պետական բանկի կողոպուտի մասին։ Նա այդ մասին գրել է տելեգրամյան ալիքում։

«Հաջորդ տարի աշնանը մեր կինոընկերությունը կէկրանավորի այս պատմությունը։ Սցենարն արդեն գրված է: Ցավոք, այս տարի ժամանակը բավարար չէր, բայց հաջորդ տարի ամեն ինչ կանենք լավագույն ձևով։ Մենք երկար տարիներ սպասում ենք դրա էկրանավորմանը»,- նշել է Անդրեասյանը։

Նրա խոսքով` դա ոչ թե պատվեր է, այլ իրենց անձնական նախաձեռնությունը:

Հիշեցնենք` ԽՍՀՄ պատմության մեջ պետական բանկի կողոպուտի ամենախոշոր և եզակի դեպքը, որը տեղի է ունեցել 1977 թվականի օգոստոսի 5-ին, իրագործել են եղբայրներ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները։ Նրանք գողացել են շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի։ Կալաչյան եղբայրները ձերբակալվելուց հետո դատապարտվել են գնդակահարության։