Մեգան Մարքլը Եղիսաբեթ 2-րդի մահից հետո «համարձակ» առաջարկ է արել թագավորին. Daily Mail

Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, դեմ առ դեմ հանդիպում է խնդրել Մեծ Բրիտանիայի նոր միապետ Չարլզ Երրորդից, որպեսզի նախքան Կալիֆոռնիա մեկնելը հարթի առկա տարաձայնությունները, գրում է Daily Mail-ը:

Այս մասին պատմել է լրագրող Նիլ Շոնը, որը, վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրի, պատմել է, որ ամերիկուհին նամակ է ուղարկել թագավորին՝ խնդրելով անձնական հանդիպում:

Ըստ Շոնի՝ սա Մարքլի կողմից բավականին «համարձակ» քայլ է:

Հիշեցնենք, որ արքայազն Հարին և կինը հրաժարվել են թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից և լիազորություններից՝ տեղափոխվելով ԱՄՆ: Դրանից հետո զույգը որոշ աղմկահարույց բացահայտումներ է արել թագավորական ընտանիքի մասին՝ էլ ավելի թեժացնելով թագուհու և ընտանիքի մյուս անդամների հետ լուրջ վեճի շուրջ ենթադրությունները:

Արքայազն Հարին և կինը Մեծ Բրիտանիա են վերադարձել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ: