Զայրացած արքայազն Հարրին հրաժարվել է ընթրել թագավորի և եղբոր հետ. The Sun-ը հայտնել է զայրույթի պատճառը

Արքայազն Հարին հրաժարվել է ընթրել Չարլզ III-ի և արքայազն Ուիլյամի հետ այն բանից հետո, ինչ թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան օրն իր կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին արգելել են միանալ թագավորական ընտանիքին, գրում է The Sun-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին թագուհի Եղիսաբեթ II-ի ինքնազգացողության վատթարացման մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո արքայազն Հարին  Մեգան Մարքլի հետ պատրաստվել է անհապաղ մեկնել Բալմորալ ամրոց՝ թագավորական ընտանիքի մյուս անդամներին միանալու և թագուհուն հրաժեշտ տալու համար, սակայն Չարլզ III-ն արգելել է կրտսեր որդուն գալ կնոջ հետ՝ ասելով, որ դա «տեղին» չի լինի։ Մինչ Հարին փորձում էր համոզել հորը փոխել իր միտքը, նա ուշացել է այն ինքնաթիռից, որով Շոտլանդիա էին մեկնել արքայազն Ուիլյամը, արքայազն Էդվարդն ու արքայազն Էնդրյուն։ Արդյունքում նա չի հասցրել հրաժեշտ տալ մահամերձ տատիկին։

«Հարրին այնքան զբաղված էր՝ փորձելով համոզել հորը փոխել իր որոշումը Մեգանի վերաբերյալ, որ ուշացել է իր ինքնաթիռից։ Նա այնքան զայրացած էր, որ հրաժարվել է ընթրել հոր ու եղբոր հետ, իսկ առավոտյան առաջինն է մեկնել Բալմորալից Լոնդոն՝ կնոջ մոտ», – հայտնել է պարբերականի աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ինքնազգացողության վատթարացման օրը Չարլզ III-ն իր կրտսեր որդուն՝ արքայազն Հարիին ասել էր, որ Եղիսաբեթ II-ի մահից առաջ թագուհուն տեսակցելու համար կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ Բալմորալ գալը «սխալ կլինի»։

Բացի այդ, նշվում էր նաև, որ Հարիին հրաժարվել են տրամադրել թագավորական օդուժի ինքնաթիռը, որը Շոտլանդիա է հասցրել նրա եղբորը՝ արքայազն Ուիլյամին, ինչպես նաև արքայազն Էդվարդին ու արքայազն Էնդրյուին։ The Sun-ի պնդմամբ՝ Սասեքսի դուքսն ստիպված է եղել ինքնուրույն ինքնաթիռ փնտրել Շոտլանդիա մեկնելու համար, ինչի հետևանքով բավական շատ ժամանակ է կորցրել և  Բալմորալ է հասել միայն 19։52-ին՝ թագուհու մահվան մասին հայտարարության տարածումից մոտ մեկուկես ժամ անց։