«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու ռազմական օբյեկտները». Սոբչակի թիմը ռեպորտաժ է նկարահանել Հայաստանում

Ռուս հաղորդավար և լրագրող Քսենիա Սոբչակն իր «Осторожно Собчак» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Հայաստանին։

Tert.am Life-ի փոխանցմամբ՝ հաղորդավարուհին իր էջում մանրամասնել է ՀՀ-ում տիրող իրավիճակը՝ հրապարակելով հաղորդումից հատված, որին կից գրել է. ««Մասնակի մոբիլիզացիայի» հայտարարությունից հետո Հայաստանը դարձավ ամենահայտնի հանգրվանը նրանց համար, ովքեր ընդհանրապես չեն ցանկանում ընկնել այս մոբիլիզացիայի տակ։ Բայց դա հասկանալի է, քանի որ անձնագիր պետք չէ, քարտերը Հայաստանում աշխատում են, և գրեթե բոլորն ամենուր խոսում են ռուսերեն, բայց խաղաղության ու ապահովության պայմաններում նույնիսկ այնտեղ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ»:

Սոբչակը պատմել է ՀՀ-ում տիրող իրավիճակի ու հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածության մասին: 

«Սեպտեմբերի 13-ին, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Ադրբեջանը գնդակոծել է սահմանամերձ գյուղերն ու ռազմական օբյեկտները, նշելով, որ ադրբեջանական զորքերը նույնիսկ մոտեցել են հայկական առողջարանային Ջերմուկ քաղաքին։ Բաքուն իր հերթին ամեն ինչում մեղադրում է Հայաստանին՝ անվանելով «սադրիչ»։ Այսպես, թե այնպես, երկու կողմից հարյուրավոր մահացածներ կան»,- գրել է հաղորդավարուհին:

Նա նաև նշել է, որ թիկունքում՝ Երևանում իրավիճակը ևս լարված է:

«Երևանում մեկ շաբաթ չի անցնում առանց փողոցային հանրահավաքների։ Ժողովուրդը դեռ չի կարող ընդունել Արցախում կրած պարտությունը և պահանջում է կա՛մ կառավարության հրաժարական, կա՛մ ՀԱՊԿ-ից դուրս գալը, կա՛մ ԱՄՆ-ից զենք ստանալը։ Այո՛, ԱՄՆ-ն էլ առանց դրա չէր կարող՝ օրերս Նենսի Փելոսին գնաց Երևան (թեև ոչ այնքան ամպագորոռ, որքան Թայվան) և խոստացավ «աջակցություն ժողովրդավարությանը»։ Արդյո՞ք սա նշանակում է շրջադարձ Ռուսաստանից։ Իսկ ի՞նչ են ասում տեղացիները»: