Սկանդալային տիկտոկեր Նիկոգլային Ռուսաստանից արտաքսել են Հայաստան

Ռուսաստանում ապրող սկանդալային տիկտոկեր Նիկոգլային (Նիկոլայ Լեբեդև), որը խախտել է ՌԴ միգրացիայի մասին օրենքները, արտաքսել են Երևան։

Ինչպես գրում է «Известия»-ն, բլոգերին չի հաջողվել ուղարկել հայրենիք` Մոլդովա, քանի որ Ռուսաստանն այժմ ուղիղ չվերթեր չունի այդ երկրի հետ։

Նշվում է, որ տիկտոկերը «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան է մեկնել առավոտյան ժամը 7–ին WZ 4321 չվերթով։

Լրատվամիջոցը նշում է, որ Նիկոգլային ձերբակալել են նոյեմբերի 9-ին Մոսկվայում, հետո դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ռուսաստան մուտք գործելու կանոնները և երկրում գտնվելու ռեժիմը խախտելու համար (վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 3.1-ին մաս): Ըստ որոշման` տիկտոկերը պետք է 5000 ռուբլի տուգանք վճարի, բացի այդ, 5 տարով արգելվել է նրա մուտքը ՌԴ։

Այնուհետև Նեկոգլայն ուղարկվել է Մոսկվայի Սախարովո գյուղ՝ օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն, որտեղ նա պետք է մնար մինչև արտաքսումը։

Նշենք, որ բլոգերը ծաղրել է ռուս զինծառայողին, որն ամեն կերպ ուզում էր ողջ մնալ և խրամատից դուրս էր նետում ԱԹՍ-ից ընկնող նռնակները։

Նեկոգլայը գորգի վրա պառկած կրկնել է զինծառայողի շարժումները «Boney-M» խմբի «Rasputin» երգի ներքո։

Դատարանում բլոգերը հայտարարել է, որ զղջում է իր արարքի համար և ներողություն է խնդրել։

Նշենք, որ ծաղրական տեսանյութը դեռ հասանելի է TikTok–ում և 16,9 միլիոն դիտում ունի։