Քրիս Վուին դատապարտել են 13 տարվա ազատազրկման բռնաբարության համար

Նրան հանցագործության մեջ մեղադրել են մի քանի աղջիկներ։

32-ամյա չին-կանադացի ռեփեր Քրիս Վուն, ով հայտնի դարձավ հարավկորեական EXO փոփ խմբում իր ելույթներով, դատապարտվել է 13 տարվա ազատազրկման բռնաբարության և խմբակային բռնաբարության համար և արտաքսվել, հայտնում է Koreaboo-ն։

«2022 թվականի նոյեմբերի 25-ի առավոտյան Պեկինի Չաոյանի առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել մեղադրյալ Քրիս Վուի բռնաբարության և խմբակային անառակության գործով։ Բռնաբարության համար մեղադրյալ Քրիս Վուն դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման և արտաքսվել։ Խմբակային բռնության համար նա դատապարտվել է 1 տարի 10 ամիս ազատազրկման։ Ընդհանուր առմամբ նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման և արտաքսման»,- ասվում է Պեկինի Գերագույն դատարանի հայտարարության մեջ:

Անցյալ տարի երգչին բռնաբարության մեջ մեղադրել էր Դու Մեյջու անունով մի աղջիկ, մյուս զոհը անչափահաս է եղել ԱՄՆ-ից։

«Դատավարության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին ամբաստանյալ Քրիս Վուն բռնի ուժով ստիպել է երեք աղջիկների սեռական հարաբերություն ունենալ, երբ նրանք հարբած են եղել և չեն կարողացել դիմադրել։ 2018 թվականի հուլիսի 1-ին Քրիս Վուն հարբելուց հետո իր բնակարանում այլ տղաների հետ խմբակային բռնաբարության է ենթարկել երկու աղջիկների», – հայտնել է դատարանը։

Արտիստի կողմը հերքել է մեղադրանքները, սակայն դատարանը կանգնել է տուժած աղջիկների կողմը։