Թագավորական ընտանիքը Մեգանի և Հարիի մասին Netflix-ի սերիալը համարում է «պատերազմի հայտարարում» (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մասին Netflix-ի նոր վավերագրական ֆիլմը թագավորական ընտանիքի կողմից դիտարկվում է որպես «պատերազմի հայտարարություն»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի աղբյուրները:

Ֆիլմի թրեյլերը, որը տեղադրվել էր առցանց՝ Ուելսի արքայազնի և արքայադստեր՝ ԱՄՆ բարձրաստիճան այցի երկրորդ օրը, ի չիք է դարձրել բոլոր հույսերն առ այն, որ Հարին և Մեգանը «հրադադար են հայտարարում» թագավորական ընտանիքի հետ իրենց դաժան պայքարում, գրում է պարբերականը:

Դեկտեմբերի 1-ին Մեգան Մարքլը և արքայազն Հարին հրապարակել են իրենց երկար սպասված վավերագրական ֆիլմի թրեյլերը, որը շուտով կհայտնվի Netflix-ում:

Կարճ, զգացմունքային տեսանյութում Սասեքսի դուքսն ու դքսուհին ցույց են տվել մի քանի լուսանկար, ինչպես նաև բացատրել են հեռուստադիտողներին, թե ինչու են որոշել իրենց կյանքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել:

«Ոչ ոք չի տեսնում, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Ես պետք է ամեն ինչ անեի իմ ընտանիքը պաշտպանելու համար», – ասել է Հարին:

Այնուհետև Մեգանը հավելել է. «Երբ խաղադրույքներն այդքան բարձր են, ավելի ճիշտ չէ՞ լսել մեր պատմությունը մեզանից»:

Daily Mail-ի լրագրողներին տված հարցազրույցում թագավորական ընտանիքի աղբյուրը հայտնել է, որ Մեգանի ու Հարիի նման հայտարարությունները վաղուց չեն զարմացնում Վինձորներին։

«Ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է դա դիտարկել այլ կերպ, քան պատերազմի հայտարարում է»,- շեշտել է աղբյուրը: