«Եղբայրս գոռում էր, իսկ հայրս սուտ էր ասում». արքայազն Հարին պատմել է արքայազն Ուիլյամի և Չարլզի հետ հանդիպման մասին

Netflix հարթակում թողարկվել են «Հարրին և Մեգանը» վավերագրական սերիալի նոր դրվագները, որոնցում արքայազն Հարին և նրա կինը՝  Մեգան Մարքլը, խոսում են բրիտանական թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների պաշտոնական պարտականություններ թողնելու որոշման մասին։

Անցյալ շաբաթ թողարկված առաջին երեք դրվագներում զույգը պատմել է իրենց ծանոթության մասին։ Ըստ մամուլի՝ այնտեղ մեծ սենսացիաներ կամ բացահայտումներ չեն եղել։ Սակայն սերիալի եզրափակիչ մասը, որն ավելի մանրամասն պատմում է այն ժամանակաշրջանի մասին, երբ Հարրին և Մեգանը բաժանվել են հարազատներից, շատ ավելի սկանդալային դրվագներ է պարունակում, գրում է bbc.com-ը:

Մասնավորապես, հինգերորդ սերիայում Հարրին նախ խոսել է այսպես կոչված «Սանդրինգհեմի գագաթնաժողովի» մանրամասների մասին, այսինքն՝ 2020 թվականի հունվարին Սանդրինգհեմյան պալատում թագավորական ընտանիքի անդամների հանդիպման մասին, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հարրին և Մեգանը հայտարարել ենլիազորություններից հրաժարվելու մասին։

Մինչ այս մամուլում հայտնվել էին թագավորական ընտանիքում լուրջ տարաձայնությունների մասին բազմաթիվ վկայություններ։

«Գագաթնաժողովին» մասնակցել են արքայազն Հարին և նրա կինը, ինչպես նաև արքայազն Ուիլյամը, նրանց հայրը՝ այն ժամանակ արքայազն Չարլզը, և թագուհի Էլիզաբեթ Երկրորդը:

Հարրին ասել է, որ այս «հրատապ հանդիպումը» կազմակերպել էր թագուհին, որպեսզի «քննարկեն Սասեքսի դուքսի և դքսուհու նոր դերը» (Հարիի և Մեգանի պաշտոնական կոչումները)։

Սանդրինգհեմում տեղի ունեցածի մասին Հարին պատմում է. «Սարսափելի էր, երբ եղբայրս բարձրաձայն բղավում էր ինձ վրա, իսկ հայրս ասում էր բաներ, որոնք պարզապես չեն համապատասխանում իրականությանը: Իսկ տատիկս այդ ժամանակ հանգիստ նստած էր և հետևում էր այս ամենին»։

Հարրին նաև ասել է, որ Բուքինգհեմյան պալատի մամուլի գրասենյակը իր անունից հայտարարություններ է տարածել, որոնց հետ ինքը համաձայն չէ։ Նրա խոսքով՝ այն օրը, երբ հանդիպումը կայացել է Սանդրինգհեմյան պալատում, մամուլում հրապարակում է հայտնվել թագավորական պարտականություններից հրաժարվելու իրենց որոշման պատճառների մասին։

Վավերագրական ֆիլմի վերջին դրվագներում Հարիի կինը ասել է, որ հենց սկզբից իրեն օտար է զգացել թագավորական ընտանիքում։ Նա վերհիշել է իր անձնական քարտուղարի խոսքերը. «Դա նման է ձկների վտառի, որտեղ ամեն ինչ լավ է ընթանում, և հետո հայտնվում է ինչ-որ օտար օրգանիզմ, և շրջապատում բոլորն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում»: