Թագավորական ընտանիքն արձագանքել է Հարիի և Մեգանի` իրենցից ներողություն խնդրելու պահանջին

Անցյալ շաբաթ Netflix-ը հեռարձակեց «Հարրի և Մեգան» վավերագրական սերիալի վերջին դրվագները, որոնցում դուքսերը մեղադրանքներ էին հնչեցնում թագավորական ընտանիքի հասցեին։ Շոկային բովանդակությունն այսքանով չավարտվեց։ Մի քանի օր անց բրիտանական տաբլոիդները հայտնել են, որ զույգը պատրաստվում է հանդիպել հարազատների հետ՝ լսելու նրանց ներողությունը։

Ճիշտ է, ինչպես ասում են ինսայդերները, նման բանի պետք չէ սպասել։ Ավելին, փորձագետը պնդում է, որ թագավորական ընտանիքը զարմացել է դուքսերի պահանջներից. «Հարրին կարծես թե չի հասկանում, որ իր հարաբերությունները հոր հետ փոխվել են։ Մի մոռացեք, որ շատ շուտով կթողարկվեն նաև նրա հուշերը, ինչը միայն կսրի իրավիճակը»։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հունվարի 10-ին կթողարկվի արքայազն Հարիի ինքնակենսագրականը։ Դրանում նա մանրամասն կխոսի թագավորական ընտանիքում իր կյանքի, եղբոր ու հոր հետ հարաբերությունների, մոր մահվան ու Մեգանի ու որդու հետ պալատը լքելու որոշման մասին։