Տեսահոլովակի պրեմիերա. Լիլի Հովեր՝ «Չորս եղանակ»

Լիլի Հովերը սոցցանցերի իր էջերում հայտնել է նոր երգ թողարկելու մասին: Նա Ինստագրամի իր էջում երգից մի հատված է հրապարակել, որին կից գրառում է կատարել.

«Սիրելիներս, ուզում եմ ջերմության մի շող փոխանցել ձեզ:

Եղանակի մասին իմ առաջին անհատական երգը թող բոլորիս բերի շատ սեր, բարություն և ամենակարևորը՝ խաղաղ երկինք: Երգս հենց այդ մասին է: Մի քանի տարի այս միտքն ապրել է ինձ հետ. ստեղծել տարվա չորս եղանակների մասին բարի ու ջերմ երգ՝ կայուն-կապույտ երկնքի ամենաբարի, կենսական սպասումով: Հուսով եմ՝ այն կդառնա ձեր դրական հուշերի ամենաջերմ «եղանակը»: Հստակ գիտեի, որ միտքս իր նուրբ ձեռագրով կարող է կյանքի կոչել իմ շատ սիրելի երգահան Մանե Հակոբյանը: Չեմ սխալվել, քանի որ միասին աշխատել ենք ամիսներ, առանց բարդությունների, իրար լսելով, հասկանալով, համադրելով ցանկությունները՝ դրական հայտարարով:
Միակ ցանկությունս է, որ ստիպված չլինենք հարմարվել այս ծանր պայմաններին, չհուսալքվենք ու բարին տանք մեր հարազատներին:

Երգը հասանելի է երաժշտական բոլոր սթրիմինգային հարթակներում և Youtube-ի իմ նոր ալիքում, որին խնդրում եմ բաժանորդագրվել՝ հաջորդ նոր տեսանյութերս բաց չթողնելու համար:
«Չորս եղանակ» երգն իր առաջին հաջողությունն արդեն գրանցել է ռադիո տիրույթում, հիմա նաև հրապարակում ենք այն վիդեո պատկերով:
Երաժշտական մեծ կարիերա չեմ պատրաստվում ծավալել, բայց եղանակային թեմատիկայով երգերն այսուհետև կլինեն իմ դիտակետում:
Այնքան բարի մարդիկ կան, որոնց ուզում եմ ամուր գրկել, համբուրել և շնորհակալություն հայտնել: Նրանց անունները սիրով կթողնեմ ներքևում: Աստված պահապան բոլորիս»: