Չարլզ 3-րդը արքայազն Էնդրյուին վռնդել է պալատից բռնաբարության մեղադրանքների պատճառով

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մի շարք տիտղոսներից զրկված արքայազն Էնդրյուին Բուքինգհեմյան պալատից վռնդել է իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի մեղադրանքների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Sun» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Պալատում արքայազն Էնդրյուի ցանկացած ներկայություն ավարտված է։ Թագավորը հստակ հասկացրել է։ Նա չի կատարում արքայական պարտականությունները: Ինքն իրենով է»,-ասել է աղբյուրը։

Նշվում է, որ արքայազնը, այնուամենայնիվ, կմասնակցի Ծննդյան տոների կապակցությամբ Սանդրինգհեմյան պալատում կայանալիք թագավորական ընդունելությանը։

Նոյեմբերին թերթը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը արքայազն Էնդրյուին զրկել է շուրջօրյա զինված պահակախմբից, որի համար բրիտանական գանձարանը տարեկան 3 մլն ֆունտ ստեռլինգ էր վճարում:

Հիշեցնենք` բրիտանացի արքայազն Էնդրյույի շուրջ սկանդալը ծավալվեց իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի մեղադրանքների պատճառով: Վերջինս պնդում է, որ երբ 17 տարեկան է եղել, Լոնդոնում իրեն բռնաբարել է Յորքի դուքսը։ Մարտին լրատվամիջոցները հայտնեցին, որ արքայազն Էնդրյուն մեծ գումար է վճարել Ջուֆրեին, և դատավարությունը դադարեցվել է:

Հունվարին մեղադրանքների պատճառով առաջացած սկանդալի և դրան հաջորդած դատավարության ֆոնին Բուքինգհեմյան պալատը հայտնեց, որ արքայազն Էնդրյուն զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից, թագավորական հովանավորություններից և այլևս չի կարողանա օգտագործել «Նորին թագավորական մեծություն» տիտղոսը: