«Խոսքեր չունեմ»․ 76-ամյա Շերն ակնարկել է 36-ամյա ընտրյալի հետ նշանադրության մասին

Հանրահայտ երգչուհի Շերն իր թվիթեյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով նշանադրության մասին։

Երգչուհին հրապարակել է զուգընկերոջ՝ Ալեքսանդր Էդվարդսի նվիրած ադամանդով մատանին, ինչից հետո երկրպագուներից շատերը ենթադրել են, որ աստղերը պատրաստվում են ամուսնանալ։

«Խոսքեր չունեմ, Ալեքսանդր», – լուսանկարին կից գրել է Շերը։

76-ամյա Շերը վերջերս է հաստատել սիրավեպն իրենից 40 տարով փոքր տղամարդու հետ։ Երգչուհու ընտրյալը՝ 36-ամյա Ալեքսանդր Էդվարդսը երաժշտական պրոդյուսեր է։ Աստղային զույգի սիրավեպի մասին առաջին լուրերն սկսեցին պտտվել այն բանից հետո, ինչ նրանց նկատեցին Լոս Անջելեսում կայացած խնջույքներից մեկի ժամանակ ձեռք ձեռքի տված։ Հայտնի է, որ արտիստներն առաջին անգամ հանդիպել են սեպտեմբերին՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում: