Կրկին սկանդալի կենտրոնում. «Էմիլին Փարիզում» սերիալի նոր եթերաշրջանում «ֆրանսիական» McDonald’s-ի գովազդ են նկատել

Ինչպես և սպասվում էր, «Էմիլին Փարիզում» սերիալի նոր եթերաշրջանն իր շուրջ նույնքան աղմուկ է առաջացրել, որքան նախորդ տարիներին։ Ճիշտ է, այս անգամ քննարկման թեմա է դարձել ոչ թե Լիլի Քոլինզի հերոսուհու ոճը, այլ սցենարիստների որոշումը՝ սերիալի սյուժեում ներառել չափազանց շատ գովազդ։

Այսպիսով, դրվագներից մեկում Էմիլի Կուպերին առաջարկում են McDonald’s արագ սննդի ցանցի մարքեթինգով զբաղվել՝ գովազդելու McBaguette սենդվիչը։ Դրվագի մեծ մասն անցնում է պոտենցիալ հաճախորդի մասին խոսելով և ցանցին ուղղված հաճոյախոսություններով: Ընկերությանը գովաբանում է նաև պրոֆեսիոնալ շեֆ-խոհարար Գաբրիելը: Միևնույն ժամանակ, ռեստորանը սերիալում այնքան կոկիկ և ոճային տեսք ունի, որ ավելի շատ թանկարժեք սրճարան է հիշեցնում:

Էմիլին Փարիզում-333

Օգտատերերի մեծ մասը կարծում է, որ նման գովազդային արշավը տեղին չէ, քանի որ McDonald’s-ը ամենևին էլ ֆրանսիական ընկերություն չէ:

Իսկ 5-րդ դրվագում կարելի է տեսնել ֆրանսիական Le Monde ամսագրի գովազդը, որի շապիկին Էմիլին հայտնվում է որպես նորաձևության հանրահայտ ինֆլուենսեր: Բացի այդ, երկրպագուները նկատել են նաև շան սննդի, McLaren մեքենայի, Samsung Galaxy հեռախոսների և դիզայներական պայուսակի թաքնված գովազդներ։

Համացանցում արդեն հայտնվել են հարյուրավոր մեկնաբանություններ, որոնք քննադատում են նոր սեզոնը՝ թաքնված գովազդների համար:

Դեկտեմբերի սկզբին Netflix-ը թողարկել էր «Էմիլին Փարիզում» սերիալի 3-րդ եթերաշրջանի թրեյլերը։ 3-րդ եթերաշրջանը բաղկացած է լինելու 10 դրվագից, որոնց ընթացքում Էմիլին պետք է որոշի, թե ինչպիսին կլինի իր կյանքը Ֆրանսիայում։

Աղբյուր՝ Vnews.am Culture