«Նա խաղաղ հեռացավ կյանքից». մահացել է բրիտանացի երգահան և վիրտուոզ կիթառահար Ջեֆ Բեքը

79 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգահան և վիրտուոզ կիթառահար Ջեֆ Բեքը: Տեղեկությունը հայտնում է RT-ն:

«Բակտերիալ մենինգիտով անսպասելի վարակվելուց հետո նա խաղաղ հեռացավ կյանքից»,-նշված է երաժշտի կայքում։

«Գրեմիի» 7–ակի դափնեկիրը մահացել է հունվարի 10-ին։

Ջեֆ Բեքը (ամբողջական անունը՝ Ջեֆրի Առնոլդ Բեք) ծնվել է 1944 թվականի հունիսի 24ին Անգլիայի Ուոլլինգտոն քաղաքում։ Իր կարիերայի սկզբում նվագել է The Yardbirds ռոք խմբում, այնուհետև՝ 1967 թվականին, ստեղծել է իր սեփական՝ «The Jeff Beck Group» խումբը։

Բեքի գործունեությունը մեծ ազդեցություն է թողել ռոք երաժշտության այնպիսի ոճերի վրա, ինչպիսիք են բլյուզ ռոքը, հարդ ռոքը, ջազ-ֆյուժընը և այլն։

1990 թվականին, ըստ «The Observer» բրիտանական պարբերականի հարցման, Բեքը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կիթառահարը։

2003 թվականին «Rolling Stone» ամսագիրը Ջեֆին ընդգրկել է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն կիթառահարների ցանկում, իսկ 2009 թվականին նա ընդգրկվել է «Classic Rock» ամսագրի նմանատիպ մեկ այլ ցանկում։