54 տարեկանում կյանքից հեռացել է Էլվիս Փրեսլիի դուստրը՝ երգչուհի Լիզա Մարի Փրեսլին

Լոս Անջելեսում 54 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար երգիչ ու դերասան Էլվիս Փրեսլիի և դերասանուհի Պրիսցիլա Փրեսլիի դուստրը՝ երգչուհի Լիզա Մարի Փրեսլին։ Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ վկայակոչելով Պրիսցիլա Փրեսլիին։

«Ծանր սրտով պետք է ձեզ հետ կիսվեմ սարսափելի լուրով։ Իմ հիասքանչ դուստր Լիզա Մարին լքել է մեզ»,- Պրիսցիլա Փրեսլիի խոսքերն է մեջբերում TMZ-ը։

Պարբերականի տվյալներով՝ 54-ամյա Լիզա Մարի Փրեսլիի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Երգչուհին մահացել է Լոս Անջելեսի արվարձանում գտնվող Կալաբասասի իր տանը։ Դեպքի վայր ժամանած բժիշկները սիրտ-թոքային վերակենդանացում են իրականացրել և ադրենալին են ներարկել երգչուհուն, սակայն, չնայած նրանց ջանքերին, Լիզա Մարին մահացել է հիվանդանոցում։

Լիզա Մարի Փրեսլին լեգենդար հոր նման ընտրել էր երաժշտի կարիերան և կատարում էր իր իսկ ստեղծագործությունները։ Իր կարիերայի ընթացքում նա թողարկել է երեք ստուդիական ալբոմ և մի քանի սինգլ։

Երգչուհին ամուսնացած է եղել չորս անգամ։ Նրա ամուսինների թվում էին փոփի արքա Մայքլ Ջեքսոնն ու հանրահայտ հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը։

nic cage lisa marie
Lisa Marie Presley Through the Years