«Մրցույթի ողջ ընթացքում իմ առաջնահերթությունն էր բարձրացնել Հայկական հարցը և Արցախի ներկայիս շրջափակումը». Քրիստինա Այանյանը՝ «Միսս Տիեզերք 2023»-ի մասին (լուսանկարներ)

Օրեր առաջ Նոր Օռլեանում անցկացված մրցույթում ԱՄՆ-ն ներկայացնող Ռ’Բոննի Գաբրիելը դարձել է նոր «Միսս տիեզերք»։ Ամերիկուհին թագը ստացել է նախորդ հաղթողի՝ հնդիկ Հարնաազ Սանդուի ձեռքից:

Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, որն ինստագրամյան իր էջում անդրադարձել է «Միսս Տիեզերք 2023»-ին և պատմել՝ ինչպես է տարբեր հարթակներում բարձրացրել Հայկական հարցը:

«Հայաստան, մենք դա արեցինք։ Մենք կրկին պատմություն կերտեցինք։ Մեծագույն պատիվ և երազանք էր Հայաստանը ներկայացնել աշխարհի ամենահեղինակավոր միջազգային մրցույթում: Բոլոր նկարահանումների, լրատվամիջոցների հետ հարցազրույցների, հանդիպումների և ելույթների ժամանակ իմ առաջնահերթությունն էր բարձրացնել Հայկական հարցը, Արցախի ներկայիս շրջափակումը, մեր շարունակական պայքարը հանուն մեր պատմական հողերում ապրելու իրավունքի և հայ ազգի տոկունության մասին: Մեզ տեսան և մենք լսելի դարձրեցինք մեր խնդիրները, և դա հաղթանակ է»: