Ռոզա Լինի հիանալի վոկալային տվյալները, «Stop the blockade» կոչն ու ՀՀ դրոշը ծածանելը․ iHeartRadio-ի հոդվածը

iHeartRadio ALT 98.7 FM-ը հոդված է գրել «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի մասին, որն օրերս ելույթ է ունեցել iHeartRadio ALTer Ego համերգի ժամանակ և կատարել իր հիթերը։ Գրում է Vnews.am Culture-ը։

«iHeartRadio ALTer Ego համերգը հավաքում է այլընտրանքային ռոքի ամենահայտնի ներկայացուցիչներին։ Հունվարի 14-ին Լինը միացել է նրանց Լոս Անջելեսի Kia Forum-ում երաժշտական երեկոյի ժամանակ»,- ասվում է հոդվածի նախաբանում։

Ռոզա Լինը նախ կատարել է «Hallelujah» երգը՝ ցուցադրելով իր տպավորիչ վոկալային տվյալները։ Այնուհետ նա կատարել է այլ երգեր, անգամ՝ դաշնամուր նվագել, պատմել Դունկան Լոուրենսի հետ 2022-ին տեղի ունեցած համագործակցության մասին։

Ռոզա Լին- iHeartRadio ALTer EGO - Show

Որպես իր եզրափակիչ երգ՝ Լինն ընտրել է իր բեկումնային հիթը, որի շնորհիվ նա հայտնվեց «Եվրատեսիլ 2022»-ին՝ ներկայացնելով Հայաստանը, և սկիզբ դրեց իր կարիերային։

Երգչուհին, օգտվելով ընձեռված հնարավորությունից, իր դիրքորոշումն է հայտնել նաև Ադրբեջանի կողմից Արցախում շարունակվող հայերի շրջափակման դեմ։ Նա բեմ է բարձրացել բաճկոնով, որի վրա անգլերենով գրված է եղել՝ «Դադարեցրեք շրջափակումը» (Stop the blockade), «Արցախ»: Այդպիսով՝ հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը։ Նաև ծածանել է Հայաստանի դրոշը։