Ջեյմս Քեմերոնն ասել է՝ ինչու չպետք է «Ավատար 2»-ը դիտել հեռախոսով

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատար 2»-ը հեռախոսով դիտելը վնասում է այն զգացմունքների խորությանը, որը հեռուստադիտողը կարող է ստանալ այն դիտելուց, գրում է Variety-ն։

Ռեժիսորի խոսքով՝ «Ավատար. Ջրի ուղին» տանը դիտելը որոշակի պայմաններում կարող է հաճելի լինել։ «Եթե դուք տանը դիտեք «Ավատար. Ջրի ուղին» բավականաչափ մեծ, հարթ էկրանով, լավ ձայնային համակարգով և եթե նստեք ճիշտ հեռավորության վրա՝ լավ փորձ կունենաք», – ասել է Քեմերոնը:

Իսկ հեռախոսով կինոդիտումը նման զգացողություններ չի ապահովի, և հարցն ամենևին էլ էկրանի մեծությունը չէ։ «Երբ հեռախոսով ինչ-որ բան եք դիտում, իմաստը բաց եք թողնում: Կինոթատրոն գնալը միայն մեծ էկրանը և կատարյալ աուդիո համակարգը չէ։ Դա չշեղվելու որոշում է: Դա այն է, ինչ մարդիկ չեն հասկանում: Դուք գործարք եք կնքում ձեր և արվեստի գործի միջև՝ դրան լիարժեք ուշադրություն դարձնելով»,- բացատրել է Քեմերոնը՝ հավելելով, որ կինոթատրոնում մարդիկ ավելի հաճախ են լաց լինում, քան տանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ավատար 2»-ը դարձել է բոլոր ժամանակների 6-րդ ամենաեկամտաբեր ֆիլմը։