Մայլի Սայրուսը գլխավորել է Billboard Hot 100-ը՝ 10 տարվա մեջ առաջին անգամ

Մայլի Սայրուսի նոր՝ «Flowers» թրեքն առաջին տեղն է զբաղեցրել Billboard Hot 100 երաժշտական ​​աղյուսակում։ Վերջին անգամ երգչուհուն հաջողվել է վարկանիշը գլխավորել 10 տարի առաջ՝ 2013 թվականին՝ «Wrecking Ball» երգով, հայտնում է Variety-ն։

Սա նաև երգչուհու 17-ամյա կարիերայի ընթացքում առաջին անգամն է, որ նրա երգը միանգամից հայտնվել է թոփում: Օրինակ՝ «Wrecking Ball»-ը, որը համարվում է ամենահայտնի երգերից մեկը, սկզբում եղել է 50-րդ հորիզոնականում, այնուհետև երեք շաբաթվա ընթացքում բարձրացել է առաջին հորիզոնական։

Կարճ ժամանակում լայն տարածում գտած «Flowers» սինգլը տեղ է գտել Սայրուսի սպասվող ալբոմում՝ «Endless Summer Vacation»-ում: Ալբոմի պրեմիերան կկայանա մարտի 10-ին։

«Այս երգը նվիրված է իմ երկրպագուներին և սեփական անձի հանդեպ անմնացորդ սիրուն, որը ցանկանում եմ ձեզանից յուրաքանչյուրին»,- գրել է Սայրուսը Twitter-ի իր գրառման մեջ։

Spotify-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մայլի Սայրուսի «Flowers»-ը նոր ռեկորդ է սահմանել մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատ լսումների քանակով: Հունվարի 12-ին պրեմիերայից ի վեր սինգլը գրանցել է 101,838,799 լսում։