Հանե՞լ հիջաբը. իրանցի աղջկա մասին ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»

«Օսկարի» առաջադրված կարճամետրաժ ֆիլմերը հաճախ չեն գրավում լայն հանրության ուշադրությունը, սակայն Սայրուս Նեշվադի (Cyrus Neshwad) «Կարմիր ճամպրուկը» բացառություն է: Իրանական ծագումով լյուքսեմբուրգցի ռեժիսորը 17 րոպեանոց ֆիլմ է նկարահանել մի աղջկա մասին, ով Թեհրանից թռչում է Եվրոպա և օդանավակայանում երկընտրանքի առաջ է՝ հանե՞լ հիջաբը, թե՞ ոչ։ Եվրանյուզը գրում է, որ ֆիլմը մրցանակաբաշխության կարճ ցուցակում էր հայտնվել Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, թեև այն ավարտվել էր դրանց սկսվելուց մեկ տարի առաջ:

«Իրանը գեղեցիկ մարմին է, որը վարակված է վիրուսով: Եվ վիրուսը ուտում է այս մարմինը: Հենց որ մենք վերացնենք այս վիրուսը, մարմինը նորից կծաղկի»,- ասել  է Սայրուս Նեշվադը:

Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է երիտասարդ ֆրանս-ալժիրցի դերասանուհի Նավել Էվեիարդ-Այադը։ Նա իրանական արմատներ չունի, բայց մեծացել է մահմեդական ընտանիքում և նաև հիջաբ է կրել։

«Ֆիլմը բոլոր կանանց մասին է: Ինչպե՞ս դուրս գալ ստրկությունից և սկսել կատարել սեփական ընտրությունը: Ընտրել իրեն։ Ի՞նչ եմ ես ընտրում ինձ համար։ Լսել քո ընտանիքին, թե՞ կատարել քո ընտրությունը: Կարծում եմ, որ այս հարցը կա բոլոր մշակույթներում»,- ասում է դերասանուհին։

«Օսկար» 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ին Լոս Անջելեսում։