Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը դատապարտվել է լրացուցիչ 16-ամյա ազատազրկման բռնաբարության համար

70-ամյա կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը, որը 23 տարվա պատիժ է կրում սեռական հանցագործությունների համար, դատապարտվել է լրացուցիչ 16 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար, գրում է Variety-ն։

Հոլիվուդյան ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից մեկը համարվող Վայնշթեյնի առաջին դատավճիռը հրապարակվել է դեռ 2020 թվականին։ Այն ժամանակ կինոպրոդյուսերի դեմ դատարանում որպես վկա հանդես էին եկել 6 կանայք, որոնք հայտարարել են, որ պրոդյուսերն իրենց նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ է կատարել:

2017 թվականի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոուզ ՄաքԳոուենը Վայնշթեյնին մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ: ՄաքԳոուենը պնդում է, որ կինոմագնատն իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում: Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի իրավապահներն այդ մեղադրանքների գործով հետաքննություն էին սկսել: Ինքը Վայնշթեյնը հերքում է բոլոր մեղադրանքները: