«Այնքան ուժեղ հարվածեց, որ Summertime երգը հնչեց ականջներումս»․ Քրիս Ռոքը՝ Ուիլ Սմիթի ապտակի մասին

Դերասան և շոումեն Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է 2022 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ գործընկեր Ուիլ Սմիթից ապտակ ստանալուց հետո ունեցած զգացողությունների մասին: Ռոքը պատմել է միջադեպի մասին Netflix հոսքային հարթակի համար իր նոր ստենդափում, գրում է The Sun-ը։

58-ամյա Ռոքի խոսքով՝ իրեն հաճախ են հարցնում, թե արդյոք հարվածը ցավո՞տ է եղել։ 

«Գրողը տանի, այո, ցավոտ էր: Նա կարծես Մուհամեդ Ալին լիներ»,- ասել է նա՝ նկատի ունենալով 2001 թվականի «Ալի» ֆիլմում Սմիթի դերը։ «Նույնիսկ մուլտֆիլմերում ես զեբր եմ, իսկ նա՝  շնաձուկ»,- շարունակել է դերերի մասին կատակել Քրիս Ռոքը:

«Ինձ այնքան ուժեղ հարվածեցին, որ Summertime երգը հնչեց ականջներումս», – կատակել է նա շոուի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ուիլ Սմիթը մարտի 27-ին բեմ էր բարձրացել «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ իր կնոջ «շատ կարճ մազերի» վերաբերյալ կատակի պատճառով (Ջադա Պինկետ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, և նրա մազերը թափվում են)։