Հեղինակավոր Forbes հանդեսի՝ աշխարհի միլիարդատերերի թարմացված ցանկում ներառված են նաև արևմտյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, որոնց շարքում առաջատարը 76-ամյա հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է՝ 4 մլրդ դոլար կարողությամբ: Նա զբաղեցրել է ցանկի 699-րդ հորիզոնականը:
Նրան հաջորդում է աֆրոամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին՝ 2.5 մլրդ դոլար կարողությամբ: Ուինֆրին զբաղեցնում է վարկանիշի 1217-րդ տեղը: Նրա կարողությունը, նախորդ տարվա համեմատ, նվազել է՝ 2.6 մլրդ-ից հասնելով 2.5 մլրդ-ի:
Հաղորդավարուհուն հաջորդում է ռեփեր, պրոդյուսեր Ջեյ Զին, որը ևս ունի 2.5 մլրդ դոլար: Նա նույնպես զբաղեցնում է 1217-րդ հորիզոնականը, սակայն, ի տարբերություն Ուինֆրիի, Ջեյ Զիի կարողությունն ավելացել է՝ 1.4 մլրդ-ից հասնելով 2.5 մլրդ-ի:
Այնուհետև գալիս է իրապատում շոուների 42-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը, որն ունի 1.2 մլրդ դոլար, սակայն նրա կարողությունը նվազել է նախորդ տարվա 1.9 մլրդ-ի համեմատ:
Մինչդեռ 35-ամյա երգչուհի Ռիհանան 1.4 մլրդ դոլարով զբաղեցնում է 2002-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը ևս նվազել է:
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 2540 միլիարդատեր՝ աշխարհի 77 երկրից: