Ջոնի Դեփը հայտարարել է, որ այլևս Հոլիվուդի կարիքը չի զգում

Դերասան Ջոնի Դեփը Կաննի 76-րդ կինոփառատոնի ժամանակ ասել է, որ Հոլիվուդն իր համար այլևս այնքան հետաքրքիր չէ, որքան նախկինում, մեջբերում է Page Six-ը։

Դեփն արձագանքել է հարցին, թե արդյոք իրեն շարունակում են բոյկոտել նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ աղմկահարույց դատավարությունից հետո։ «Ոչ, ընդհանրապես: Ես իմ հանդեպ բոյկոտ չեմ զգում, քանի որ չեմ մտածում Հոլիվուդի մասին։ Ես այլևս Հոլիվուդի կարիքն առանձնապես չեմ զգում»,- ասել է դերասանը։

Դեփը կարծում է, որ իր դերը «Ժաննա Դյուբարի» ֆիլմում չի կարելի անվանել «վերադարձ մեծ էկրան»։ «Ես անընդհատ մտածում եմ «վերադարձ» բառի շուրջ, քանի որ ոչ մի տեղ էլ չէի գնացել․․․», – ասել է նա:

Ի դեպ, Կաննի 76-րդ  կինոփառատոնում «Ժաննա Դյուբարի» ֆիլմի ցուցադրությունը յոթ րոպե բուռն ծափահարությունների է արժանացել: Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը, որը նախագծում գլխավոր դերն է ստացել, ցուցադրությանը հաջորդած ծափահարությունների ժամանակ արտասվել է։ Նա մարմնավորել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ին։