«Դեպի Մանկական Եվրատեսիլ»․ Կարինա Իգնատյանի երգը Յութուբում դիտումների թվով առաջինն է

Ինչպես արդեն նշել էինք՝ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի 10 մասնակիցների անունները, ովքեր պետք է պայքարեն մրցույթի հաղթող դառնալու համար:

Մինչ պարզ կդառնա, թե ով է հաղթողը մարդիկ հնարավորություն ունեն լսելու փոքրիկ մասնակիցների երգերը: Ի դեպ, յութուբյան դիտումների թվով առաջին հորիզոնականում է Կարինա Իգնատյանի «Colours of your dream» երգը: Այն ունի ավելի քան 30.000 դիտում: Կարինայի երգը հավանել են շատ օտարերկրացիներ, ովքեր բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել երգի մասին մեկնաբանությունների դաշտում:

Արդեն երկրորդ տարին է, ինչ հաղթողը որոշվելու է միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Սեպտեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կորոշվի հաղթող մասնակցի անունը, ով նոյեմբերի 24-ին ելույթ կունենա Լեհաստանի Գլիվիցե քաղաքում՝ 19 երկրից ժամանած մասնակիցների հետ միասին: