Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Տիտանիկ» ֆիլմի թողարկումից հետո լրատվամիջոցների քննադատությունն իրեն ընդմիշտ կոփել է։ Դերասանուհու խոսքով՝ շատերն են իրեն նախատել հոլիվուդյան գեղեցկության չափանիշներին չհամապատասխանելու համար, հայտնում է Mirror-ը։
«Ես շատ լավ հիշում եմ, որ երբ նկարահանվեցի «Տիտանիկ»-ում, ինձ սարսափեցրեց ԶԼՄ-ներում իմ կազմվածքին ուղղված քննադատությունը»,- ասել է դերասանուհին: Նա խոստովանել է, որ դա ստիպել է իրեն պահպանել կազմվածքն ամենադժվար մեթոդներով։
Օրինակ` մշակույթի տեսաբան և գրող Ումբերտո Էկոն ենթադրել է, որ «Տիտանիկի» հաջողությունը մեծապես պայմանավորված է Քեյթ Ուինսլեթի սովորական արտաքինով։ «Նա շատ նման է այն ամերիկուհիներին, որոնք վազում են «Տիտանիկ»-ը դիտելու: Նրանք նման չեն Շերոն Սթոունին, այլ հենց նրան՝ համբուրգերներով սնվող աղջիկներին»,- ասել է Էկոն։
Այժմ, ինչպես կարծում է Ուինսլեթը, ԶԼՄ-ներում ավելի քիչ է նկատվում արտաքինին ուղղված քննադատությունը, բայց նա դեռևս հիասթափված է այն «զզվելի բամբասանքներից», որոնք մարդիկ գրում են հայտնիների մասին սոցիալական ցանցերում: