40-ամյա պարուսույցը Մայքլ Ջեքսոնին մեղադրում է մանկապղծության համար

40-ամյա պարուսույց Ուեյդ Ռոբսոնը պատմել է, որ մանուկ հասակում իրեն սեռական բռնության է ենթարկել Մայքլ Ջեքսոնը։ Այդ մասին գրում է TMZ-ը։

Ռոբսոնը դատի է տվել հանգուցյալ երգչի կորպորացիային։ Հայցում նա պնդում է, որ Ջեքսոնը սեռական ոտնձգության է ենթարկել իրեն Neverland ռանչոյում: Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել պարուսույցի հայցը։

Փաստաթղթերի համաձայն՝ Ռոբսոնն արդեն դատի էր տվել Ջեքսոնի ընկերությանը, սակայն առաջին գործը փակվել էր այն պատճառով, որ կորպորացիան իրավասու չէր պաշտպանել տղային արտիստի ենթադրյալ ոտնձգություններից։ Այժմ Ռոբսոնը մտադիր է ապացուցել, որ սեռական բռնության է ենթարկվել և պաշտպանություն չի ստացել Ջեքսոնի ընկերության ներկայացուցիչներից։

Ռոբսոնը պնդում է, որ երբ մանուկ հասակում Ավստրալիայից ԱՄՆ է եկել, Ջեքսոնն ընկերացել և սեռական բռնության է ենթարկել իրեն: 2005 թվականին, երբ երգչին դատում էին մեկ այլ տղայի նկատմամբ ոտնձգության համար, Ռոբսոնը ցուցմունք է տվել, որ նա քնել է անկողնում Ջեքսոնի հետ, սակայն ոչինչ չի պատահել։ Նա փոխել է իր պատմությունը 2013 թվականին կորպորացիայի դեմ առաջին դատավարության ժամանակ։ Այդ ժամանակ պարուսույցն ասել է, որ սուտ ցուցմունք է տվել՝ «ամբողջական մանիպուլյացիայի և ուղեղի լվացման» պատճառով։