Թվով 16-րդ կինն է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին մեղադրել սեռական ոտնձգությունների համար։ Հաղորդել է France Inter ռադիոկայանը, գրել է РИА Новости-ն։
Ռադիոկայանը զրուցել է մի տեխնիկի հետ, որն աշխատել է Դեպարդյեի հետ «Վիդոկ» ֆիլմում (2001)։
Կինն առաջին անգամ հանդիպել է Դեպարդյեին 30 տարեկանում և «նկարահանումների ժամանակ ոտնձգությունների է ենթարկվել դերասանի կողմից»: Կինը ռադիոկայանին պատմել է, որ Դեպարդյեն նախ նկարահանման հրապարակում ուշադրություն է դարձրել երկու օգնականների վրա․ նա նրանցից մեկին վերցրել էր ծնկների վրա, իսկ մեկ ուրիշ անգամ մյուսին սեղմել էր պատին։
Ըստ ռադիոկայանի զրուցակցի՝ հետո դերասանն ուշադրություն է դարձրել է իր վրա։
«Նա սկսեց ասել՝ «Քեզ կտանեմ, կհարբեցնեմ, լավ երեկո կանցկացնենք»… Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց ինձ վրա, երբ ես աշխատում էի, հասկացա, որ նրա թիրախում եմ․․․ (Հաջորդ շաբաթվա նկարահանմանը – խմբ.) մեջքով շրջված էի Ժերար Դեպարդյեին… Զգացի նրա մեծ ձեռքը, նրա հսկայական ձեռքը, իմ ստքերի արանքում, բռնեց՝ բարձրաձայն և անպարկեշտ ծիծաղելով»,- ռադիոկայանի եթերում պատմել է կինը։
Նրա խոսքով՝ այս ամենը նկատածներից որևէ մեկը չի արձագանքել։ Նա նաև նշել է, որ չի պատրաստվում բողոք ներկայացնել դերասանի դեմ։
Դեպարդյեն արդեն հետաքննության է ենթարկվում դերասանուհի Շառլոտ Առնուի նկատմամբ ոտնձգությունների կասկածանքով։ Ապրիլին Mediapart առցանց հրատարակությունը հոդված էր հրապարակել, որում ցուցմունքներ էին հավաքել 13 կանանցից, որոնք պնդել են, թե դերասանի կողմից սեռական բռնության են ենթարկվել: Խոսքը 2004 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում 11 ֆիլմերի և սերիալների նկարահանման հրապարակներում տեղի ունեցած դեպքերի մասին է։