Ամերիկացի միլիարդատեր, գործարար, Tesla, SpaceX և Х (նախկին Twitter) ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է մենամարտել Հռոմի Կոլիզեումում։
«Մենամարտի համառոտ նկարագրությունը. ես X-ում կատակեցի Ցուկի (Ցուկերբերգի մականունը – խմբ.) հետ մենամարտի մասին, Ցուկը պատասխանեց. «Ուղարկիր ինձ վայրը»։ Իտալիան սիրով առաջարկեց Կոլիզեումումը, Ցուկը մերժեց», – գրել է Մասկը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:
Նա նաև հավելել է, որ Կոլիզեումում մենամարտելու առաջարկից Ցուկերբերգի հրաժարվելուց հետո ինքն առաջարկել է գնալ Meta-ի ղեկավարի տուն որպես «ապահով վայր», ինչին Ցուկերբերգը պատասխանել է, որ «ճանապարհորդում է»։
«Կա՞ առհասարակ մի տեղ, որտեղ նա (Ցուկերբերգը – խմբ․) կմենամարտի», – գրել է Մասկը։
Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների 52-ամյա ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի 39-ամյա ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ:
Մասկը Twitter-ում իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»: Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել էր Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։ Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել էր՝ «Վեգաս, Octagon»: Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար: