Աննա Հակոբյանը դարձել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի պատվավոր նախագահը

Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների առաջին փառատոնը: Այն կիրականացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում։ Փառատոնի հիմնադիր նախագահներն են ռեժիսոր ու գործարար Սերգեյ Սարկիսովը և պրոդյուսեր ու ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին։ Փառատոնի համանախագահներն են կոմպոզիտոր, երգահան և թատերագետ Մարինե Ալեսը, հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը։

Կազմակերպիչները նաև նշել են, որ փառատոնը կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։

Փառատոնի պատվավոր նախագահն է դարձել ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։  «Ինձ համար մեծ պատիվ է այս նախաձեռնության մասնակից դառնալը, և ես սիրով կանեմ այն ամենը, ինչ ինձանից կախված է, որպեսզի այն հաջողի։ Ոլորտը դեռ նոր է ինձ համար, և ես մեծ պատասխանատվություն եմ զգում այս կարևոր առաքելության նկատմամբ»,- նշել է Աննա Հակոբյանը։