«Միսս Ֆրանսիա» մրցույթի հաղթողը քննադատության թիրախում է հայտնվել պիքսի սանրվածքի պատճառով (լուսանկարներ)

«Միսս Ֆրանսիա» գեղեցկության մրցույթի հաղթողը քննադատության թիրախում է հայտնվել կարճ պիքսի սանրվածքի պատճառով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նման կարճ սանրվածքով մասնակիցն առաջին անգամ է հաղթում այս մրցույթում:

Ֆրանսիայի հյուսիսային հատվածից 20-ամյա Եվա Ժիլը երեկ երեկոյան 7,5 միլիոն հեռուստադիտողի առաջ թագադրվել է նախորդ հաղթող Ինդիրա Ամպիոտի կողմից: Սակայն գեղեցկության մրցույթի դեմ դժգոհության ալիք է բարձրացել. ոմանք բողոքում են, որ ժյուրիի անդամները «անդրոգեն» Ժիլին են ընտրել որպես «Միսս Ֆրանսիա»: Նրանք նաև նշում են, որ  բոլոր նախորդ հաղթողներն ավելի «ավանդական»՝ երկար, փարթամ մազեր են ունեցել:

«Մենք սովոր ենք տեսնել գեղեցիկ միսսերի՝ երկար մազերով, բայց ես ընտրեցի կարճ մազերով անդրոգեն տեսք», – ասել է մրցույթի հաղթողը:

Նա նաև ընդգծել է, որ իր հաղթանակն իրականում «բազմազանության» հաղթանակ է և հավելել. «Ոչ ոք չպետք է թելադրի, թե ով ես դու: Յուրաքանչյուր կին տարբեր է, մենք բոլորս եզակի ենք»։

Մրցույթի հաղթողն ընտրվում է հանրային քվեարկությամբ և ժյուրիի կողմից: Ժիլը հանրության քվեարկության արդյունքում երրորդն էր, սակայն ժյուրին նրան մղել է առաջին տեղ: Արդյունքում Ժիլը «Միսս Ֆրանսիա» մրցույթի 103-ամյա պատմության մեջ առաջին հաղթողն է, որը երկար մազեր չունի:

««Միսս Ֆրանսիա»-ն այլևս գեղեցկության մրցույթ չէ. այն հիմնված է ներառականության վրա», – գրել է օգտատերերից մեկը X-ում: