Սերժ Թանկյանը քննադատել է «Imagine Dragons»-ին՝ Ադրբեջանում ելույթ ունենալու համար

«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է «Imagine Dragons»-ին Ադրբեջանում ելույթ ունենալու որոշման համար:

«Metal Hammer» երաժշտական հրատարակությանը տված նոր հարցազրույցում Թանկյանն ասել է. «Ես այն մարդը չեմ, ով պետք է տարբեր խմբերին ասի, թե որտեղ նվագել, որտեղ ոչ… Հասկանում եմ, որ նրանք դա անում են փողի համար: Բայց կա իշխանություն, որը էթնիկ զտումներ է իրականացնում: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում 120.000 հայի սովի էր մատնել և այնտեղ ուտելիք կամ դեղորայք չէր թողնում: Գիտեք, եթե ես՝ որպես արվեստագետ, իմանայի այս մասին, երբեք չէի գնա և նվագեի այնտեղ: Բայց որոշ արվեստագետներ դա անում են: Ես նրանց որպես մարդ չեմ հարգում։ Գրողին իրենց արվեստը: Նրանք լավ մարդիկ չեն: Եթե դուք այնքան կույր եք արդարադատության հանդեպ, որ գնում եք շոու անելու մի երկրում, որը սովամահ է անում մեկ այլ երկրի բնակիչների, ինչի մասին ասում են Արդարադատության միջազգային դատարանը, Amnesty International-ը և Human Rights Watch-ը, չգիտեմ՝ ինչ ասեմ ձեզ: Ինձ նույնիսկ չի հետաքրքրում ձեր երաժշտությունը»: 

Հիշեցնենք, որ ամերիկյան փոփ ռոք խումբն անցած սեպտեմբերին էր համերգ տվել Բաքվում: Մինչև համերգը Թանկյանը նամակ էր գրել «Imagine Dragons»-ին՝ կոչ անելով վերանայել Բաքվում ելույթ ունենալու որոշումը: Թանկյանին էին միացել և բաց նամակով «Imagine Dragons»-ին կոչ էին արել համերգը չեղարկել Բրայան Էնոն և Փինք Ֆլոյդի աստղ Ռոջեր Ուոթերսը: