Կնկարահանվի «Կաղամարի խաղը» սերիալի ռիմեյքը. մանրամասներ

Դեյվիդ Ֆինչերը («Յոթը», «Վիշապի դաջվածքով աղջիկը» և «Սոցիալական ցանցը») աշխատում է հարավկորեական սիրված «The Squid Game» սերիալի ռիմեյքի վրա, հայտնում է The Playlist-ը։

Ըստ առկա տեղեկությունների, սցենարը գրելու համար ռեժիսորը համագործակցում է Դենիս Քելիի հետ («Մաթիլդա» և «Սև ծով»)։ Թե կոնկրետ ով է նկարահանվելու, դեռ չի հաղորդվում։

Դեյվիդ Ֆինչերն առաջին անգամ հայտարարեց սերիալը ադապտացնելու պլանների մասին 2021 թվականին։ Այդ ժամանակից ի վեր ռեժիսորն աշխատել է նաև Ռոման Պոլանսկու 1974 թվականի նուար դասական «Չինական թաղամաս» ֆիլմի պրիքվելի վրա: Հայտնի է, որ ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, սակայն ռեժիսորը որոշել է հետաձգել նախագծի վրա աշխատանքը՝ հօգուտ «The Squid Game»-ի ռիմեյքի։

Հիշեցնենք, որ հարավկորեական սերիալը հայտնի հոսքային հարթակում մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին և շատ արագ ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։ 28 օրվա ընթացքում ֆիլմը հավաքել է ավելի քան 1,65 միլիարդ ժամ դիտում և հասել 111 միլիոն հաշիվների։ Երկրորդ սեզոնի պրեմիերան կկայանա 2024 թվականի դեկտեմբերին։