«Ճամփորդելիս որդուս հետս տանում եմ, ոչ թե որովհետև միայնակ մայր եմ կամ այլ տարբերակ չունեմ». Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանը սիրում է Տեսլայի հետ ճանապարհորդել: Հերթական ուղևորությունից վերադառնալուց հետո նա պատմել է, թե ինչու է հենց որդու հետ նախընտրում նոր վայրեր բացահայտել: Գրում է BRAVO.am-ը:

«Ես ճամփորդելիս Տեսլային հետս տանում եմ, ոչ թե որովհետև ուրիշ տարբերակ չունեմ, թողնելու տեղ չունեմ կամ միայնակ մայր եմ, այլ որովհետև ուզում եմ հենց իր հետ ճամփորդել:

Ուզում եմ նրա հետ բացահայտել, իր աչքերով ևս տեսնել, միասին վայելել անիմանալիի հայտնությունը, որովհետև դա մեզ մոտ հիանալի է ստացվում: Երբ ինքն ինձ հետ չի լինում, ապրումը չի կրկնապատկվում, որովհետև մենք նաև իրար ենք բացահայտում, մոտենում, սովորում, օգնում, հաղթահարում, միասին ուրախանում կամ տխրում, բարկանում, նյարդայնանում, զարմանում:

Կարծում եմ՝ սա լավագույն ներդրումն է իր կայուն ինքնաճանաչման համար և հետագայում հարուստ հիշողության՝ մանկության ու առողջ հարաբերության մասին:

Իհարկե, առանց նրա ևս ճամփորդություններ լինում են, ավելի ճիշտ գործուղումներ, որոնց ժամանակ ես միշտ ունենում եմ իր պակասը, ոչ թե կարոտը կամ ծնողական մեղքի զգացումը, այլ հենց պակասը, ներկայության կարիքը, որովհետև ինչքան էլ ճամփորդությունը երեխայի հետ դժվար է ու կրկնակի պատասխանատու, միևնույն է իր հետ աշխարհ բացահայտելը հեքիաթի է վերածվում:

Քո ներսում ապրող փոքր երեխան արթնանում ու հրճվում է»: