«Ինչի՞ ես սպասում՝ թույլտվությա՞ն»․ կայացավ Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերի հայաստանյան շնորհանդեսը

Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանին ամբողջ աշխարհն է ճամաչում։ Իսկ այն փաստը, որ նրա «Առանց թույլտվության» գիրքը թարգմանվեց հայերեն, ավելին՝ հեղինակն ինքն էլ ներկա էր գրքի հայաստանյան շնորհանդեսին, չի կարող չուրախացնել ու հպարտանալու առիթ չհանդիսանալ։

«Կարապ» ընկերությունն առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանել Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» բեսթսելերը:

Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումը և դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

«Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում: Հեղինակն անձամբ ներկա էր շնորհանդեսին և ելույթ ունեցավ հայ երկրպագուների համար:

Դա իսկապես մեծ իրադարձություն էր Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների և թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար:

Մի քանի տարի առաջ լույս տեսած գրքի թարգմանված տարբերակի նախաբանի հեղինակ, Workfront Armenia ընկերության ղեկավար Արսեն Բաբասյանը նշեց, որ գիքը Հայաստանում ևս բեսթսելեր կդառնա։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև «Կարապ» ընկերության հիմնադիր, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը։ Նա նշեց, որ գրքի մասին շատ պատահական է իմացել․ սկզբում ցանկացել են ուղղակի Ալեքսիսի մասին որևէ նախագիծ իրականցնել, սակայն հետո իմանալով գրքի մասին, որոշել են հենց դա էլ թարգմանել։ Դե դրա համար էլ թույլտվություն է անհրաժեշտ եղել։ Շավարշ Կարապետյանը կատակով նշում է, որ ինքն էլ առանց որևէ մեկից թույլտվություն հարցնելու էլեկտրոնային նամակ է գրել Օհանյանին և ի զարմանս իրեն՝ հեղինակը պատասխանել է նամակին։

Գրքի թարգմանիչ, Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» ազգային բեսթսլերի թարգմանիչ Աննա Միրզոյանը ևս հանդես եկավ խոսքով։ Թարգմանչի խոսքերով գիրքը մոտիվացնող է բոլորի համար էլ։ «Գրքում տեղ է գտնում այն գաղափարը, որ եթե դու ունես հիանալի միտք, վստահ ես, որ այդ միտքն իրատեսական է, իրական խնդիր է լուծում, ուրեմն դու կարիք չունես ոչ մեկի թույլտվությանը»,- նշում է Աննա Միրզոյանը։

Գրքում իրական հերոսներ են՝ իրական պատմություններով։ Հիմնական մասը պատմում է ձեռնարկատերերի և երիտասարդների խմբի մասին, ովքեր դեմ էին համացանցի ազատության սահմանափակմանը։ Սակայն ի զարմանս բոլորի՝ գրքի մեջ հնչեցված մտքով չի առաջնորդվել նաև Ալեքսիս Օհանյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ գիրքը գրելու համար մեկ շաբաթ հրաժարվել է համացանցից և «վուալա» գրքի մեծ մասը պատրաստ էր։

 

Դե վերջում էլ չէր կարող ելույթ չունենալ միջոցառման «մեղավորը»։ Նա իր խոսքում նշեց՝ անհրաժեշտ է, որ մարդիկ ավելի նախաձեռնող լինեն և կատարեն քայլեր՝ չսպասելով ուրիշների թույլտվությանը։ Նամանավանդ, որ համացանցն ու առցանց գործիքները այդ հնարավորությունները առատորեն ընձեռնում են։

«Առանց թույլտվության» գրքի թարգմանված տարբերակի առաջին օրինակն էլ Շավաշ Կարապետյանը հանձնեց Ալեքսիս Օհանյանին։ Նրանց խոսքերով նախաձեռնության հեղինակները շնորհանդեսը հենց այսպես էլ պատկերացնում էին՝ հեղինակի ներկայությամբ և նրա անմիջական խորհուրդներով ու առաջարկներով։

Ալեքսիս Օհանյանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 24-ին։ Նա հայտնի բիզնեսմեն և ակտիվիստ է, ով բազմիցս հասցրել է փայլել աշխարհի տարբեր գործարար ոլորտներում ու բեմերում։ 2017-ին Ալեքսիս Օհանյանը և աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը ամուսնացել են, նրանք մի դուստր ունեն։

Իսկ վերջում էլ, ամփոփելով գիրքն ու շնորհանդեսը, տանք բոլորիս հուզող հարցը․ «Ինչի՞ ես սպասում՝ թույլտվությա՞ն»։ Գործի´ր։

Հեղինակ՝ Լուս Ավագյան