Գրիգ Գևորգյանը՝ Women՛s Club-ից բացակայության և իր նոր՝ «Վայ Գրիգ, Գրիգ» նախագծի մասին

Նոյեմբերի 1-ին Բոհեմ Թատրոնում տեղի կունենա հումորիստ, հաղորդավար Գրիգ Գևորգյանի «Վայ Գրիգ, Գրիգ» հումորային սթենդ ափ ներկայացումը։

Գրիգը մեզ հետ խոսել և մանրամասներ է ներկայացրել իր նոր նախագծից՝ կիսվելով սպասելիքներով ու անհանգստություններով։
Անդրադառնալով իր նոր նախագծին՝ Գրիգն ասաց․ ««Վայ Գրիգ, Գրիգ»-ը «սթենդ ափ» ձևաչափում արվող ներկայացում է՝ բավականին մեծ ծրագրով և բավականին ծավալուն։ Սցենարը գրել ենք ես, Վան Գրիգորյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը և Արմեն Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ՝ ամբողջ նախագծի հիմքում մենք ենք եղել։  Պրոդյուսինգով և ռեժիսուրայով նույնպես ես եմ զբաղվել։ Գաղափարը շատ վաղուց կար և վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում անդադար աշխատում ենք հենց այդ ուղղությամբ»։

Գրիգի խոսքով՝ նոր մոտեցմամբ ու իհարկե հումորով անդրադարձ է եղել արդեն հայտնի թեմաներին։ «Խոսելու եմ հայերից, մեր սովորություններից, քաղաքականությունից, տեխնիկայի նվաճումներից ու դրա լավ ու վատ ազդեցությունից, կենցաղային հարցերից՝ խցանումներից, մեքենաներից, թե մենք որքան ենք սիրում ավտոմեքենաները։ Իհարկե, խոսելու եմ նաև հավերժական թեմա դարձած աղջիկների, տղաների, սիրահարների հարաբերությունների, իմ սիրած թեմա դարձած կանանց ու տղամարդկանց տարբերությունների ու այն ամենի մասին, ինչին հաճախ եմ անդրադարձել իմ նախկին ելույթներում։ Սակայն սա ամբողջությամբ նոր «սթենդ ափ» է, չկան կրկնվող համարներ։ Ծանոթ թեմաներ են, բայց բոլորովին նոր հումորներով ու անդրադարձերով»,- նշում է հումորիստը։

Գրիգը նաև նշեց, որ տոմսերը շատ արագ սպառվում են, ինչն էլ իր հերթին չի կարող նրան չոգևորել։ Սակայն դրա հետ մեկտեղ նշեց, որ անհանգստություններ էլ ունի, ինչը ևս բնական երևույթ է։ «Իհարկե կա հուզմունքը, բայց փորձում ենք ամեն ինչ իդեալական անել։ Քանի որ այնքան խիտ է գրաֆիկը, կարծես թե լիարժեք անհանգստանալու համար էլ ժամանակ չի մնում։ Ստեղծագործական շատ լավ թիմ ունենք, ովքեր ինձ օգնում են ամեն հարցում։ Օգնող հանգամանք է նաև իմ փորձը, որը հավաքել եմ տարիների ընթացքում։

Նախկինում Գրիգը հիմնականում ներկայացրել է 20-30 րոպե տևողությամբ «սթենդ ափ»-ներ, իսկ այս «սթենդ ափ»-ը մեկ ու կես ժամ է՝ ծավալուն ծրագրով, որտեղ օգտագործվել է լուսային տարբեր էֆեկտներ ու գույներ։ Հումորիստը նաև հավելեց, որ շատ ծիծաղելի հոլովակներ են նկարահանել և դրանք ևս ներկայացման մաս կդառնան։ Տեսանյութերը պատրաստել է Արման Սարգսյանը, ով ամեն հարցում աջակցել և օգնել է հումորիսին, գրաֆիկ դիզայնով էլ զբաղվել է Արվին Քոչարյանը։

Նշենք նաև, որ Գրիգ Գևորգյանն այժմ հանդես չի գալիս Women’s Club-ում, նա նաև չի վարում «Վիտամին ակումբ»-ի մյուս նախագիծը՝ Sport Club-ը։ Մինչ այս մենք անդրադարձել էինք այս հարցին և նշել, որ Գրիգի կինը՝ Սոնա Եսայանը, ով նույնպես մասնակցում էր Women’s Club նախագծին՝ որպես պարուհի, ևս դադարեցրել է իր համագործակցությունը։

«Կային խնդիրներ, որոնք հաշվի առնելով՝ ես այլևս չէի կարող լինել այդ նախագծում ու քանի որ ես չկայի, Սոնան ևս ինքնակամ որոշեց չլինել»,- մեզ հետ զրույցում նշեց Գրիգ Գևորգյանը։ Իսկ այն հարցին, թե արդյոք պատրաստվում է հետ վերադառնալ, ասաց, որ չի կարող այժմ պատասխանել այդ հարցին։

Գրիգ Գևորգյանը նաև հաստատեց, որ չի վարում և դեռ անորոշ է հետագայում կվարի արդյո՞ք «Վիտամին ակումբ»-ի Sport Club նախագիծը։ Հումորիստը իր խոսքում նշեց, որ այս ժամանակահատվածում խիստ զբաղված գրաֆիկ ունի, զբաղված է նաև իր կինը՝ Սոնան, ում մոտ սկսվել է նոր ուսումնական տարի, նոր սաներ ունեն իրենց ստուդիայում և հենց դա է պատճառ հանդիսացել, որ զույգը ամուսնությունից հետո մեղրամիս չի կարողացել մեկնել։

Նյութը՝ Լուս Ավագյանի