Մահացել է անվանի գեղանկարիչ Հենրի Էլիբեկյանը

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հայ գեղանկարչության լավագույն դեմքերից մեկը՝ Հենրի Էլիբեկյանը, կյանքից հեռացել է։ Վաստակավոր նկարիչը մահացել է Մոսկվայում՝ երկար ժամանակ պայքարելով ծանր հիվանդության դեմ։

Հենրի Էլիբեկյանը ծնվել է Թբիլիսիում, 1936 թվականի հունվարի 2-ին, անվանի թատերական գործիչ ու նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում, նա նաև ՀՀ վաստակավոր նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի եղբայրն է։
Հենրի Էլիբեկյանի ստեղծագործությունները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների պետական թանգարանում, Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանում, Մոսկվայի Ա. Սախարովի անվան «Խաղաղություն, առաջընթաց և մարդու իրավունքներ» թանգարան-հասարակական կենտրոնում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և այլ քաղաքների թանգարաններում և հավաքածուներում։